ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության և ընդերքօգտագործողների խմբակցությունների աշխատանքային քննարկում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում
2025թ. դեկտեմբերի 12-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի քաղաքացիական խմբակցության և ընդերքօգտագործման խմբակցության անդամների աշխատանքային հանդիպում: Հանդիպումը կազմակերպվել էր Նախարարության նախաձեռնությամբ՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ, ԲՇԽ-ի նախագահ Տ.Խաչատրյանի գլխավորությամբ ս.թ. հոկտեմբերի 30-ին կայացած ԲՇԽ-ի նիստի հանձնարարականի: Ըստ նշված հանձնարարականի՝ մինչև համապատասխան որոշումների ընդունումը հարկ էր ևս մեկ անգամ աշխատանքային կարգով քննարկել հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման օրենսդրական նախագծի փաթեթը, որի շուրջ նւստի ժամանակ իրենց մտավախություններն ու դիտարկումներն էին հայտնել ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության և ընդերքօգտագործողների խմբակցությունների անդամները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԲՇԽ-ի կառավարության խմբակցության անդամ Ա.Վարդանյանը առաջարկել էր գործընկերներին՝ մինչև աշխատանքային քննարկման անցկացումը՝ E-draft-ի միջոցով գրավոր ներկայացնել իրենց նկատառումները նախագծի վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցեցին ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի անդամներ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, «ԱՍՍԱՏ-Մ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով տնօրեն Արթուր Պեպանյանը, «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի տնօրեն Ներսես Կարամանուկյանը, ԱՃԹՆ-ի ազգային համակարգող Հասմիկ Մանուկյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Սերյոժա Գրիգորյանը, նախարարության Ընդերքի վարչության պետ Կարեն Գասպարյանը, Քաղաքականության մշակման բաժնի պետ Սեդա հակոբյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության խմբակցության կողմից հրավիրված Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը:
Հանդիպման սկզբում ՏԿԵՆ-ի պատասխանատուները ներկայացրեցին օրենսդրական փոփոխությունների բովանդակությունը և դրանցով հետապնդվող նպատակները, այնուհետև սկսվեցին աշխատանքային քննարկումները:
Երկուստեք ներկայացված փաստարկների հանրագումարում որոշվեց, որ ԲՇԽ-ի ընդերքօգտագործողների և քաղաքացիական հասարակության խմբակցությունները իրենց կոնկրետ առաջարկությունները գրավոր կներկայացնեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընդունելիության դեպքում դրանք օրենսդրական նախաձեռնության մեջ ընգրկելու համար: